Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ֆրանսուա Օլանդը խախտեց տաբուն, ու` ի՞նչ

Ֆրանսուա Օլանդը խախտեց տաբուն, ու` ի՞նչ
17.03.2018 | 04:37

«Ֆրանսուա Օլանդը վճռեց խախտել տաբուն, որ ինքն էր իր համար սահմանել, և իր կարծիքը հայտնեց միջազգային քաղաքականության հարցերի մասին»` այսպես է Le Monde-ը ներկայացնում Ֆրանսիայի նախկին նախագահի հարցազրույցը սիրիական ողբերգության ու Ռուսաստանի պատասխանատվության մասին: «Եթե Ռուսաստանը սպառնում է, ինքն էլ պիտի սպառնալիքի տակ լինի»` վերնագրված է հարցազրույցը: «Ես համերաշխ եմ Սիրիայի ժողովրդի հետ և պատասխանատվություն եմ զգում»` այսպես է Օլանդը բացատրել միջազգային խնդիրների շուրջ իր տեսակետները հրապարակավ ներկայացնելը: Նրա կարծիքով` միջազգային հանրությունը պետք է կոշտ արձագանքեր դեռ 2013-ին, երբ Բաշար Ասադի վարչակարգը քիմիական զենք կիրառեց խաղաղ բնակչության դեմ: «Ես պատասխանատվություն եմ զգում այն ամենի համար, որ հիմա կատարվում է Արևելյան Գուտայում: Ես չեմ հնարել «կարմիր գիծը»: Բարաք Օբաման է սահմանել քիմիական զենքի կիրառան հարցում: 2013-ի օգոստոսին, երբ Ասադի բանակը Արևելյան Գուտայում ռմբակոծություններից հետո զարին օգտագործեց, ԱՄՆ-ը պատասխան հարված հասցնելու փոխարեն նախընտրեց Ռուսաստանի հետ բանակցել քիմիական զենքի ոչնչացման հարցում: Մենք հետևեցինք նրանց օրինակին»:

Սիրիական կոնֆլիկտին միջամտելու Օլանդի ցանկության մասին ֆրանսիական թերթերը գրել էին: 2013-ի օգոստոսի 28-ին նախագահը զանգի էր սպասում Սպիտակ տնից, որ թռիչքի հրաման տա ֆրանսիական ՀՕՊ-ի ուժերին: Սակայն Բարաք Օբաման այլ վճիռ կայացրեց: Հիմա շատ ԶԼՄ-ներ գրում են, որ վարչակարգը նորից է օգտագործում քիմիական զենք Գուտայում: «Բաշար Ասադը պահպանել է քիմիական զենքը և չի ամաչում նորից օգտագործել»` ասում է Ֆրանսուա Օլանդը: Դա ստուգել գործնականում անհնար է. «Ռուսաստանն արգելափակում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ստուգման որևէ հնարավորություն, որ կարող է պատժամիջոցների հանգեցնել»: Նախկին նախագահը կարծում է, որ այդ հարցում Արևմուտքի դրսևորած թուլությունը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական վարչակարգը չափազանց հեռուն գնաց: «Կարմիր գիծը կարող է վերաբերվել ոչ միայն քիմիական զենքի օգտագործմանը: Խաղաղ բնակչության պարբերական գնդակոծությունը ևս անընդունելի է` և հումանիտար, և քաղաքական տեսակետից»:


Ռուսաստանի առնչությամբ Օլանդը կարծում է, որ ժամանակին չտրված դասը հանգեցրեց Դոնբասի պատերազմին ու Ղրիմի անեքսիային: «Ես երբեք չեմ խոսել կարմիր գծի մասին, ոչ 2013-ին, ոչ հետո: Եթե կարմիր գիծը խախտվել է և ոչ մի արձագանք չի հետևել, խախտողը մտածում է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է: Վլադիմիր Պուտինը հասկացավ, որ ինքը կարող է անջատել Ղրիմն ու ապակայունացնել ՈՒկրաինայի արևելքը` պատժամիջոցներից բացի այլ ռիսկի չենթարկվելով»` եզրակացնում է Օլանդը:


Ի՞նչ է առաջարկում նախկին նախագահը Սիրիայի խաղաղ բնակչությանը փրկելու համար: Նրա կարծիքով` երկրում գործում են 3 հիմնական ուժեր` Բաշար Ասադի վարչակարգը, որին աջակցում են Իրանն ու «Հըզբոլահը», Թուրքիան ու Ռուսաստանը: Յուրաքանչյուրն ունի իր շահերը տարածաշրջանում, բայց նրանց ընդհանուր նպատակը «Սիրիայի մասնատումն է»: «Պատահական չէ, որ հարձակումն Աֆրինում ու Արևելյան Գուտայում ժամանակի մեջ համընկան»` ասում է Օլանդը: Ռուսաստանը Թուրքիային գործողությունների լիակատար ազատություն է տվել հյուսիսում, որտեղ թուրքական բանակը մարտական գործողություններ է իրականացնում այլ երկրի տարածքում սիրիացի քրդերի դեմ: Այս հարցում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վրա ալյանսի դաշնակիցները կարող են համատեղ ճնշում գործադրել: Ռուսաստանի հետ այլ հարց է: «Ի՞նչ անել Բաշար Ասադի վարչակարգի հետ» հարցին Օլանդը պատասխանում է. «Հարցն այն չէ, թե ի՞նչ անել Ասադի վարչակարգի հետ, հարց է, թե ի՞նչ անել Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանն այնտեղ գլխավոր ուժն է և եթե մենք նրա ազդեցությանը որևէ սահման չդնենք, իրավիճակը կարող է ավելի սրվել»:


«Մենք կարող ենք ուժեղացնել ճնշումը պատժամիջոցների, առևտրական կանոնների, նավթի ու գազի հարցում: Արևմուտքը պետք է հասկանա` որտեղի՞ց է բխում սպառնալիքը: Իհարկե, մենք կարող ենք խոսել Վլադիմիր Պուտինի հետ, հիշել Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը, բայց դա չի նշանակում, որ կարելի է նրան գործողությունների ազատություն տալ` որևէ կերպ չարձագանքելով նրա քայլերին: Ռուսաստանը սպառազինվում է մի քանի տարի անընդմեջ և եթե սպառնում է, ինքը ևս պետք է սպառնալիքի տակ լինի: Թույլ տալով Անկարային ռմբակոծել մեր դաշնակիցներին Սիրիայում, Մոսկվան ցանկանում է ՆԱՏՕ-ում տարաձայնություններ սերմանել: Դեռ մեկ տարի առաջ Վլադիմիր Պուտինը կոշտ արտահայտությունների մեջ ժլատություն չէր անում Էրդողանի հասցեին: Հիմա այդ երկու երկրները ցանկանում են կիսել Սիրիան»: Ֆրանսուա Օլանդը կոչ է անում Էմանուել Մակրոնին չմոռանալ կոալիցիոն դաշնակիցներին, որոնց հետ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ է տարել: «Եթե ես աջակցել եմ քրդերին կոալիցիայի շրջանակներում, դա չի նշանակում, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակից հետո նրանց պետք է լքել»` «բոլորը, ում մենք աջակցում ենք աշխարհի այլ մասերում, կարող են մտածել, որ իրենք էլ կմնան առանց աջակցության»` կարծում է Օլանդը:
RFI


Հ.Գ. Ինչու՞ է նախկին նախագահը խփում ներկա նախագահին: Փաստացի նրա քննադատությունը հիմա ինչ անելու վերաբերյալ որևէ առաջարկ չի պարունակում` բացի Ռուսաստանին զսպելու, կանգնեցնելու, սպառնալիքին սպառնալիքով պատասխանելու, պատժամիջոցներ սահմանելու հին տեսակետներից: Նրա հարցազրույցը ավելի շատ ներքաղաքական խնդիրներ է լուծում: Օլանդը խախտել է իր տաբուն` քաղաքականություն վերադառնալու նպատակով: Շլացուցիչ պարտությունից հետո նախկին նախագահին վերադարձի հարթակ է պետք և նա թիրախ է ընտրել Մակրոնի արտաքին քաղաքականությունը, որովհետև ներքին քաղաքականության հարցերում սոցիալիստները ասելիք չունեն ֆրանսիացիներին:
Էմանուել Մակրոնը պատասխանել է Օլանդի քողարկված քննադատությանը: Հնդկաստանում մամլո ասուլիսում իրեն ուղղված հարցին Մակրոնը պատասխանել է. «Ես որևէ կերպ չեմ արձագանքի, ֆրանսիական քաղաքական կյանքում կան հստակ բաժանված դերեր: Հանրապետության նախագահն ունի իր իրավասությունները, ԱԳՆ-ն` իր: Ժողովրդավարական հասարակության մեջ յուրաքանչյուրը կարող է իր մեկնաբանություններն անել, բայց յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում այդ մեկնաբանությունների համար»: Փաստացի` Մակրոնը Օլանդին ցույց է տվել շարքային քաղաքացու իր տեղը` շեշտելով, որ այդ դեպքում էլ պատասխանատու է իր տեսակետների համար: Սա սուր պատասխան է, որով Մակրոնը մերժում է Օլանդի վերադարձը` հիշեցնելով նրան ձախողումների համար պատասխանատվությունը: Վլադիմիր Պուտինի հետ 2017-ի մայիսին Վերսալում սկսված երկխոսության քննադատության վերաբերյալ հարցին Մակրոնը պատասխանել է. «Օգնե՞ց Սիրիայում Ռուսաստան հետ երկխոսության լիակատար բացակայությունը վերջին տարիներին: Ես այդպես չեմ կարծում»: Մակրոնն ասել է` Ֆրանսիան պնդում էր, որ Ռուսաստանը հրաժարվի վետոյի իրավունքից 2018-ի փետրվարի 24-ի բանաձևի ընդունման ժամանակ, որ պահանջում է հրադադար հաստատել Արևելյան Գուտայում մարդասիրական օգնության համար: Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը «գործողությունների քաղաքականություն է»` հայտարարել է Մակրոնը: «Որևէ այլ երկիր այդքան ակտիվ չէ սիրիական հարցում, որքան Ֆրանսիան»` եզրափակել է Մակրոնը` ևս մեկ անգամ ընդգծելով Օլանդի անգործությունը:


Եթե ավելի խորանանք` Ֆրանսուա Օլանդի կառավարությունը ոչ միայն չի փորձել կանխել Թուրքիայի քայլերը Սիրիայում, այլև Էրդողանի կառավարության հետ առևտրատնտեսական կապերն է խորացրել, թուրքական ներդրումներ ընդունել: Բացառվում է, որ Օլանդը չհասկանար այդ ներդրումների քաղաքական նշանակությունը և նպատակները: Ռուսաստանի հետ Ֆրանսիայի հարաբերություններում բավական է հիշել միայն «Միստրալների» պատմությունը` Օլանդի վճռական «անվճռականությունը» և ԱՄՆ-ից կախումը վկայելու համար: Բայց ԱՄՆ-ի նախագահը այլևս Բարաք Օբաման չէ, և Ֆրանսիան էլ նոր նախագահ ունի, որ սկսած Փարիզի Կլիմայի հարցով պայմանագրից մինչև ալյումինի ու պողպատի ներկրման ԱՄՆ մաքսատուրքերը` լուրջ տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի հետ, ինչպես ամբողջ ԵՄ-ն: Հին պատկերացումներով նոր քաղաքականություն վերադարձը չի ստացվի` նոր գաղափարներ են պետք: Ֆրանսուա Օլանդը դա դեռ չի ընկալել, կամ չի ցանկանում ընդունել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ